ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հանել սատանային մանրամասների միջից

Հանել սատանային մանրամասների միջից
04.07.2008 | 00:00

Այսօր տեղի է ունենալու ընդդիմության հերթական հանրահավաքը: ԵԽԽՎ նստաշրջանից և «մնացյալ» զարգացումներից հետո:
Իսկ զարգացումների տողատակը հար նույնն է` Ղարաբաղ: Վերջին շրջանում հարցը քննվում-չափաբանվում է բոլոր հնարավոր և անհնար մակարդակներում: Կասկադը, որով Լավրովը սկսեց մարշ-բրասոկն` այցելելով Թուրքիա, դրան ի շարունակություն Մեդվեդևը` Ադրբեջան-Թուրքիա, ուղղակի տեղ չեն թողնում կասկածելու, որ առանձնապես միֆի ոլորտից չէ փորձագետների պնդումը, թե ղարաբաղյան խնդրում «սատանան» մանրամասների մեջ է, ու Ռուսաստանն այս անգամ փորձում է «քշել» նրան այնտեղից` հետխորհրդային սառեցված հակամարտությունների կարգավորման համար կիրառելով նույն սկզբունքը: Իհարկե, արևմուտքի հետ համաձայնեցված:
Իսկ սկզբունքը լավ մոռացված հինն է. 98-ին այդ առաջարկով էր հանդես գալիս Տեր-Պետրոսյանը, ինչը փոխըմբռնման չարժանացավ: Այն է` չճանաչված միավորը դառնում է առանձին հանրապետություն տվյալ պետության կազմում` իր խորհրդարանով, բանակով, սահմանադրությամբ և ունենում, այսպես ասած, «չեզոք» կարգավիճակ: Ասել է` այսօր արդեն դե ֆակտո անկախ Ղարաբաղը դե-յուրե ևս ամրագրում է իր կարգավիճակը. գտնվելով Ադրբեջանի կազմում՝ չի ենթարկվում Ադրբեջանին, չի միանում Հայաստանին ու դառնում է գրեթե ինքնուրույն երկիր` կոնֆեդերացիոն սկզբունքով:
Սա այն տարբերական է, երբ շիշն ու «մնացյալը» չեն վառվում, արդյունքում շահագրգիռ կողմերը մնում են «չաղ-ուրախ-բախտավոր», իսկ քաղաքագիտորեն ձևակերպած` գրեթե հնարավորի մակարդակում բավարարվում են նրանց շահերը:
Ռուսաստան. սա Հարավային Կովկասում պահում է իր օրհնված ոտքը, եթե հաշվի առնենք, որ այս փուլում Ռուսիան խնդիր ունի իր սահմանային-բուֆերային գոտին ամրակայելու, ապա սկզբունքի կիրառման դեպքում գրեթե փաթեթով լուծվում է այդ հարցը: ԱՄՆ. վերջինս «դոստուպ» է ստանում Ադրբեջան գնացող ՆԱՏՕ-ով վերահսկելու Իրանի անմիջական սահմաններն ու Հարավային Կովկասի էներգառեսուրսները: Ադրբեջանը պահպանում է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանն ունենում է անկախ, ինքնուրույն Ղարաբաղ, իհարկե` ոչ 8 հազար քառակուսի կիլոմետրով։
Բայց և այնպես այս «հափի էնդին» հասնելու համար պետք է նախ թռչել ու ապա «հոպ» ասել: ՈՒ հենց «հոպ»-ի համար էլ Մեդվեդևը հայտնվել է Ադրբեջան-Թուրքիա առանցքում` երկաթը տաք-տաք ծեծելու համար։ Եթե վերը նշված սկզբունքը կիրառվի հետխորհրդային սառեցված կոնֆլիկտների` Մերձդնեստր-Աբխազիա-Հարավային Օսիա առանցքի համար, հետն էլ կարողանա ադրբեջանական գազն իրենով անել, իրանյան նավթը «չեզոքացնել», ապա Ռուսիան շատ մոտ կլինի իր ամբիցիաների բավարարման շեմին:
Ընդ որում, խաղն առաջ տանելու համար դժվար թե գտնվի այսպիսի հարմար կոնֆիգուրացիա տարածաշրջանում. Թուրքիայում իշխող կուսակցությունը քաղաքական «բանկրոտի» առջև է կանգնած, և նույնիսկ չի բացառվում, որ Գյուլն անսա Սերժին ու գա Հայաստան, որովհետև երկուստեք նորմալ պարտիա կլինի բավականին թուլացած Սերժի և դատարանով «փակման» վտանգի առջև հայտնված Գյուլի համար` միջազգային կաստինգի առումով: Մեր դեպքում. միջազգային հանրության ճնշումը` բացել հայ-թուրքական սահմանը, ղարաբաղյան հարցով կկոմպենսացվի: Թուրքիայի դեպքում. Ռուսաստան-ԱՄՆ տանդեմի համագործակցությամբ Իրանը ներսից կամ դրսից պայթեցվելու դեպքում տարածաշրջանում հեգեմոնիան գրեթե «կհանձնվի» Թուրքիային;
Շարունակենք «պահը». ՀՀ նախագահն այս պահին բավականին թույլ է, և քանի Հայաստանն ուշքի չի եկել, պետք է պոկել առավելագույնը` ոչ մի վայրկյան չթուլացնելով պրեսինգը (ԵԽԽՎ բանաձևը, ընդդիմության այսօրվա հանրահավաքն այդ շարքում են): «Պահի» առումով Ադրբեջանում նույնպես հարմար է. նախագահական ընտրություններում «լոկացիան» որ կողմ ասես կարող են շրջել գերտերությունները, ընդ որում` համատեղ:
Այնպես որ գուցե և սխալվեն այն փորձագետները, ովքեր պնդում են, թե ա) բացառվում է ղարաբաղյան հարցի որևէ տեղաշարժ, բ) Ռուսաստանին դժվար թե դուր եկած լինի պաշտոնական Կրեմլում, Մեդվեդևի քթի տակ տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների «բացման» արարողությունը (մի՞թե կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանը, էն էլ էս պահին, նման «սայթաքում» թույլ կտար)։ գ) Թուրքիան չի՞ բացի սահմանը. երբեք մի ասա երբեք, որովհետև քաղաքական շահերը, այն էլ Արևելքում, անչափ նուրբ գործ են, և ամեն բան կախված կլինի, թե բանակցային ինչ արդյունքներով Կրեմլ կվերադառնա խոստումնալից գործիչ Մեդվեդևը, որի թուրքական առաջին բեմելը (իհարկե, Չինաստանից հետո) ակնհայտ է դարձնելու` ինչ «ռազմախ» ունի նա ընդհանրապես, և ինչպես եղավ, որ մեկ էլ Ռուսիան ու Թուրքիան որոշեցին առաջին անգամ քննարկել Ղարաբաղի հարցը:
Ընդ որում, ոնց տեսնում եք, Սերժ Սարգսյանը խիստ նրբագեղ մտել է այլոց (կամ` «այլքի»), իսկ կոնկրետ դեպքում` հատկապես Տեր-Պետրոսյանի «բախչեն» ու համառորեն այնտեղից դուրս չի գալիս: Թե ղարաբաղյան հարցով, թե հայ-թուրքական: Վերջինիս կանդրադառնանք առաջիկայում, իսկ այժմ հիշենք` ինչ էր ասել Սերժ Սարգսյանը, երբ որպես նախագահի թեկնածու 2005-ի մարտին խորհրդարանում լսումներ էր կազմակերպել ղարաբաղյան հարցի առնչությամբ. «Ունենալու ենք ավելի լավ լուծում, քան 98-ին էր», ինչն ուղղակի «ռումբի» նշանակություն ունեցավ, որովհետև նրան ոչ ոք չհավատաց:
Հիմա էլ չենք հավատում (քանի դեռ չկա այդ փաստաթուղթը), բայց և լատենտ սկզբունքով փաստերը համադրելով հասկանում ենք, թե գոնե ինչ նկատի ուներ Սերժ Ազատովիչն իր մտքում, երբ ասում էր` «ավելի լավ լուծում»: Աչքներս տեսնի:
Ու թե այնպես ստացվի, որ փաստը` վերը նշված սկզբունքով հակամարտությունների լուծումը, տեղ գտնի Հ/Կ-ում (ընդ որում, դատելով հայ իրողություններից` սույնի առնչությամբ ոչ մի կերպ չեն հանգստանում հայաստանյան նախկին «գռուիշնիկներն» ու «չեկիստները», հիմնականում` վասն Քոչարյան. տես նրանց բոլոր կարգի «գործընթացները», մանավանդ երկրում անկայունության, լարվածության մթնոլորտը պահելու «մանրամասներում», նաև` նախորդ օրը Հյուսիսային պողոտայում կազմակերպված սադրանքում), ապա «լուծման» հեղինակային իրավունքը Տեր-Պետրոսյանինն է, որն այս փուլում, շատ լավ հասկանալով, որ բոլոր ճամփեքն, ինչպես միշտ, ուղիղ Ղարաբաղ են տանում, խոսում է ամեն ինչից, բացի Ղարաբաղից։
Իսկ ի՞նչ էր ասում Տեր-Պետրոսյանն «անՂարաբաղ» այդ ասուլիսում, բացի նրանից, ինչ ասաց: Լուծվեցին հիմնականում ներքին խնդիրներ: ա) «Նեյրոլինգվիստիկ», այն է` ոչ բաց տեքստով մեսիջ հղվեց ի ծագս Հայաստանի, որ պետք է մասնակցել հուլիսի 4-ի միտինգին: բ) Նույնպիսի նուրբ կոնֆիգուրացիայով Տեր-Պետրոսյանը փորձեց օգնել Ս. Սարգսյանին` փուլը հաղթահարելու համար: Ասուլիսն ու դրա հայլուրային մեկնաբանությունը կարող են հեռուն գնացող ենթադրությունների տեղիք տալ. գաղտնիք չէ, որ Տեր-Պետրոսյանի ասուլիսի «մեկնաբանությունն» անպայմանորեն համաձայնեցվում է նախագահականի` «գործից հասկացող» կորիֆեյների հետ: Ընդ որում, Հայլուրը երբեք այդքան «դոբրյակ»-ճշգրիտ չէր եղել: Նաև` ազնիվ: Տեղը-տեղին ներկայացրեց այն, ինչ ասել էր Տեր-Պետրոսյանը: Ուստի կարող ենք և չբացառել, որ բոլոր դեպքերում խոսակցությունը գնում է հին ընկերների... դե, չէ՜. ոչ դաշնակցականների միջև: Այլ` Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի «որոշ» ներկայացուցիչների միջև, «որոշ հարցերի» շուրջ: Եվ չի բացառվում, որ հենց սա էր նախորդ օրը Հյուսիսային պողոտայի սադրանքի պատճառը, որպեսզի այդ երկու ուժերի միջև հրահրվի անվերջ թշնամանք, և որեէ խոսակցություն տեղի չունենա:
Դառնանք Տեր-Պետրոսյանի ասուլիսին: Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ ներկայացրած փաստաթղթի իրական «հեղինակն» Աղվան Հովսեփյանն է, որը նույն Հայլուրում նստել Սերժ Ազատի չի կողքի ազատ աթոռին ու խոսում-բլբլում էր դատախազության 90-ամյակի առիթով, իսկ Սերժը արհամարհալից հայացքով «անծիր հեռուներն էր դիտում», ու Հայլուրը մի գլուխ պտտում էր այդ «անհարմար» կադրը` հասկացնելով ալամ աշխարհին, թե ինչպես է Սերժը վերաբերվում Գառնիկիչին:
Բայց սա ամենը չէ. Աղվան Հովսեփյանը մարտի հինգին (Տեր-Պետրոսյանի ներկայացրած փաստաթղթի գրման օրը) լուրջ դերակատար էր, սակայն հրամաններ արձակելու «ուպոլնոմոչիյա» չուներ: Այդ լիազորությունն ուներ Քոչարյանը: Ա՛յ, նրա անունը ևս հնչեցրեց Տեր-Պետրոսյանը: Այսպիսով, կարո՞ղ են բացառել, որ մի գեղեցիկ-արևոտ օր մեկ այլ փաստաթուղթ չի հայտնվի ընդդիմության ձեռքին (ի դեպ, փաստաթուղթը ընդդիմադիրների ձեռքին է հայտնվել շատ հայտնի փաստաբանի միջոցով. չենք տա անունը), մի խոսքով, ևս մեկ «ոչ բանավոր» թուղթ առ այն, թե ով է տվել մարտի մեկի հրամանը:
Մինչ կանցնենք ասուլիսի «գ» կետին, դեռ մի քիչ էլ դիտենք Աղվան Գառնիկիչին: Նրա գործերն իսկապես բանի նման չեն. նա շատ արագ ստիպված էր մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովից հետ քաշել իր «ներկայացուցիչ» Լ. Խաչատրյանին: ՈՒ թե սրան էլ ավելացնում ենք փաստագրումը, որ նախորդ օրը հայաստանյայց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը «էն կողքի սնից կախ արված հրացանը»` մարտի մեկի դեպքերի մասին իր զեկույցը, հանեց-դրեց մարտի մեկի հանձնաժողովի աշխատանքների հիմքում: Գառնիկիչենք էլ, թե` զարկելը դու հիմի տես. վերցրին ու փորձեցին զրկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին անձեռնմխելիությունից, ապա ունենում ենք այն խորապատկերը, որի տակ ապրում է ՀՀ գլխավոր դատախազը:
Չէ. մի բան էլ. Ա. Հովսեփյանը (ինչպես Քոչարյանը` Ծառուկյանից) հետ է վերցնում իր բիզնեսը. հայտնի «Շանթ» գործարանի փայատերերից պահանջում է իր միլիոնները... երևի նեղ օրվա համար:
Հասանք ասուլիսի «գ» կետին. Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում ճկունության դասական է դարձել, նա զարգացրեց թեզը, որն առաջ էր քաշել Գյումրու, իսկ դրանից առաջ էլ հունիսի 20-ի հանրահավաքին. իրենք գնում են երկարատև պայքարի, և այդ ընթացքում չի բացառվում, որ ինքը հետ քաշվի` տեղը զիջելով առավել երիտասարդ «վոժակի»: Սա, իհարկե, ընդդիմադիր թիմի աքիլեսյան գարշապարը կդառնա ապագայում, սակայն այդպես նրբագեղ հետ քաշվելով, առաջ թողնել քաղբանտարկյալների խնդիրը, լոկ Տեր-Պետրոսյանը կարող էր:
Բայց ոնց երևում է` դանդաղ մտածող-գործող իշխանությունը թիրախային այլ խնդիր է լուծում: Սերժը քաղբանտարկյալներին համաներման է տանում, որպեսզի երբ Ղարաբաղի հարց առաջանա, ինքը «նրանցով» պայմանավորվի Լևոնի հետ:
Պարզ է, չէ՞, որ ընդդիմությունը մեկ էլ ուժեղ կզարթնի Ղարաբաղի «մատույցներում», եթե այնպես ստացվի, որ ստորագրվում է «սատանայական» մանրամասներից «զրկված» «րամըչնի» համաձայնագիրը: ՈՒ Լևոնն շտապում է, որ տղերքը օր առաջ ազատվեն, ու իրենց ձեռներն ազատ լինեն մաքսիմում` իշխանափոխության, մինիմում` նոր ընտրությունների շուրջ Սերժի հետ պայմանավորվելու համար: Իսկ Սերժը հեչ չի շտապում: Ավելի ստույգ` նա դանդաղում է այնքան, որքան շտապում է Լևոնը:
Ափսոս, երկուսն էլ կարծես մոռանում են, որ «բոլշևիկ տատիկի սենյակում» այս ամենին սրտատրոփ հետևում է ժամանակ կորցնել չցանկացող մի երիտթոշակառու...

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7454

Մեկնաբանություններ